Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն անձնակազմին ներկայացրեց ՔԿԾ պետի նորանշանակ առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանին։ Ներկա էին կենտրոնական մարմնի վարչակազմը և աշխատակիցները, ինչպես նաև նախկին առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը։
Ս․ Ատոմյանը շնորհակալություն հայտնեց Արտակ Հարությունյանին նրա երկամյա քրտնաջան և նվիրյալ աշխատանքի համար՝ նշելով, որ թեպետ իրենք միմյանց հետ աշխատել են կարճ ժամանակաշրջան, սակայն հասցրել է զգալ Ա․ Հարությունյանի սկզբունքային և պատասխանատու վերաբերմունքը Քրեակատարողական ծառայությանը։
Արտակ Հարությունյանը ևս իր հերթին շնորհակալություն է հայտնել Ծառայության պետին, անձնակազմին համագործակցության, վստահության և մարդկային ջերմ վերաբերմունքի համար։
Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն իր շնորհակալական խոսքում մասնավորապես նշել է, որ մեծ պատիվ է պետական ծառայությունը շարունակել քրեակատարողական համակարգում քրեակատարողական ծառայողի հետ միասին, և կփորձի անել հնարավորինս՝ բարձր մակարդակով իրականացնելու իր և Ծառայության առջև դրված խնդիրները։