2020 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը, քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ընդունելություններ է կատարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։
Այցելության ընթացքում հանձնաժողովի անդամները, հանդիպելով և ընդունելով իրենց մեկուսացվածության աստիճանը և ըստ դրա ուղղիչ հիմնարկների տեսակը փոխելու հարցով դիմած ցմահ ազատազրկման դատապարտվածներին, անձնապես զրուցել են նրանց հետ, հարցուպատասխանի շրջանակներում լսել նրանց կողմից ներկայացված հանգամանքները, հիմնավորումները և մյուս նկատառումներն իրենց մեկուսացվածության աստիճանները փոխելու կապակցությամբ, անմիջական շփման միջոցով պատկերացում կազմել նրանց բարոյահոգեբանական, վերասոցիալականացման, ուղղման ընդհանուր վիճակի, մարդկային որակների, հնարավոր ռիսկերի մասին, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել նրանց կողմից տրամադրվող հավելյալ փաստաթղթերը, տեղում ծանոթացել նրանց անձնական գործերին, դրսևորած վարքագծի վերաբերյալ բնութագրերին, աշխատանքային պայմանագրերին, ուսումնասիրել ցմահ ազատազրկման դատապարտվածների՝ զբաղվածությանն ու վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին ներգրավվածության, ուղղման գործընթացի ժամանակ կատարված համապատասխան փաստաթղթային ձևակերպումների վիճակը։ Հարցուպատասխանի միջոցով լսել են քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման, անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ղեկավարներին և այդ ոլորտների համար մյուս պատասխանատուներին։ Այդ ամենը հանձնաժողովի առաջիկա նիստում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր դատապարտյալի մասով բազմակողմանի համադրման, վերլուծման, ամփոփման, գնահատման, ինչպես նաև անհրաժեշտ հետևություններ անելու արդյունքում կկայացվի համապատասխան որոշում։
Հանձնաժողովի նախագահ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը մեթոդական օժանդակության շրջանականերում համապատասխան հրահանգներ ու կողմնորոշումներ է ներկայացրել սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման, անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ղեկավարներին և այդ ոլորտների մյուս պատասխանատուներին։ Նրանց ուշադրությունն է հրավիրել ընդհանրապես անազատության մեջ պահվող անձանց և մասնավորապես ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ տարվող համապատասխան ոլորտների աշխատանքների և դրանք իրականացնող ստորաբաժանումների միջև հնարավոր փոխգործակցության տակտիկական եղանակների ու մեթոդիկային ներկայացվող առանձնահատկությունների ու պահանջների, այդ միջոցառումները հասարակական և այլ համապատասխան կազմակերպությունների մասնակցությամբ կամ աջակցությամբ անցկացնելու կարևորության և դրանց ներգրավվածության ապահովման, դրանց արդյունքների պատշաճ և սահմանված կարգով փաստաթղթային ձևակերպումների ապահովման վրա՝ պահանջելով այդ ընթացքում հետամուտ լինել և խստագույնս պահպանել ցանկացած գործընթացի իրականացման օրինականությունը, լրիվությունը, բազմակողմանիությունը, միատեսակությունն ու միասնականությունը։ Միևնույն ժամանակ համապատասխան դիտարկումների արդյունքում Արտակ Հարությունյանը ոչ լիարժեք է համարել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց և հատկապես ցմահ դատապարտվածների զբաղվածության ապահովմանն ու նրանց վերասոցիալականացմանն ուղղված կրթական, լուսավորչական, կրոնական, մշակութային, մարզական, աշխատանքային և մյուս ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման և անցկացման մակարդակը և հատկապես վերոնշյալ ծրագրերին ցմահ դատապարտվածների ներգրավվածության ու մասնակցության վիճակը՝ պահանջելով գործուն միջոցներ ձեռնարկել ու առաջարկներ ներկայացնել այդ առումով։ Նույն կերպ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի կողմից ոչ բավարար է գնահատվել այդ ծրագրերն ու միջոցառումներն ամենօրյա անձնական զարգացման ու զբաղվածության գործընթացների (օրինակ ՝ մարզասրահ, գրադարան հաճախելուց, ընթերցանությամբ, տարբեր խաղերով զբաղվելուց և այլն) տարբերակելու և կարևորելու վիճակը, որի կապակցությամբ դարձյալ մեթոդական օժանդակության շրջանակներում տրվել են համապատասխան հրահանգներ ու կողմնորոշումներ։
Հանձնաժողովի կողմից նման այցելությունները կրելու են շարունակական բնույթ։
Նույն օրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը կրկին անվտանգության համապատասխան կանոնների պահպանմամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարածքում, որի ընթացքում եղել է բնակելի գոտում, ծանոթացել կալանավորված անձանց պահման ու դատապարտյալների կողմից պատժի կրման կարգին ու պայմաններին՝ հընթացս համապատասխան հրահանգներ տալով առկա թերությունները շտկելու ուղղությամբ։
Այցելության ավարտին քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը, պահպանելով անվտանգության համապատասխան կանոնները, քննարկում-խորհրդակցություն է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ, որը նվիրված է եղել քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի փոփոխությամբ պայմանավորված՝ ընդհանուր առմամբ քրեակատարողական ծառայության համակարգի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի գործունեության կազմակերպման բարեփոխումների նոր փուլ սկսելու, ինչպես նաև դրան համապատասխան՝ քրեակատարողական ծառայության համակարգում գործունեության կազմակերպման նոր սկզբունքների ու դրանցից բխող գործելակերպի, ծառայությունը կրելու և աշխատանքներն իրականացնելու կարգի ու պայմանների ընդհանրական ձևաչափերով պայմանավորված պահանջների ներկայացմանն ու քննարկմանը։
Արտակ Հարությունյանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը հավատարիմ է մնացել և հետայսու էլ մնալու է իր որդեգրած քաղաքականությանն ու մոտեցմանը՝ կապված համակարգի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելուն և ներդնելուն ( աշխատավարձերի բարձրացում, նյութատեխնիկական հագեցվածության բարելավում, սոցիալ-տնտեսական բեռի թեթևացում և այլն) զուգահեռ՝ ծառայողական պարտականությունների պատշաճ կատարում պահանջելու հետ։